13 դեկտեմբերի 2018 - 13:37 AMT
Արտահերթից 4 օր անց Մոսկվան այդպես էլ չի շնորհավորել Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ:

Մինչդեռ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններում 49.12% ձայն հավաքած նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Պուտինը շնորհավորել է ընտրությունների հաջորդ օրը:

Ի հակադրումն ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Եվրոպական Միության բարձր մակարդակով շնորհավորանքների և ՀՀ-ի նոր իշխանություններին սատարելու մասին հայտնած պատրաստակամության, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը անդրադարձել է ՀՀ-ում արտահերթին ընտրություններից միայն չորս օր անց՝ երկրի արտաքին գործերի գերատեսչության մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի մակարդով: Ընդ որում՝ անդրադարձը եղել է ոչ թե առանձին հայտարարության տեսքով, այլ Զախարովայի հերթական ճեպազրույցի ընթացքում:

ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարն իր հայտարարությունում այդպես էլ, ըստ էության, չի շնորհավորել ոչ Հայաստանի ժողովրդին, ոչ էլ խորհրդարանական ընտրություններում աննախադեպ բարձր՝ մոտ 70.5% վստահության քվե ստացած «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

ՌԴ ԱԳՆ-ն ընդամենն արձանագրել է՝ ընտրություններն անցել են օրենքի շրջանակում, առանց խախտումների և կառուցողական երկխոսության ակնկալիք է հայտնել Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում: Ի դեպ, Փաշինյանին չեն շնորհավորել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարները:

PanARMENIAN.Net – ը, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հետ զրույցում հետաքրքրվեց, թե լինելու է արդյոք շնորհավորանք Կրեմլից:

Ի պատասխան, Նաղդալյանն ասաց, որ ԱԳՆ-ում արձանագրել են, որ եղել է արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՌԴ պաշտոնական ներկայացուցչի արձագանքը:

Ի դեպ, Վլադիմիր Պուտինն օգոստոսի 31-ին շնորհավորել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։