14 դեկտեմբերի 2018 - 14:50 AMT
Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից, միաժամանակ քաղաքական որակել Խաչատուրովի գործը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուշագրավ մանրամասներ է հայտնել Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Սպուտնիկի» բելառուսական ծառայության փոխանցմամբ, նա ասել է, որ ներողություն է խնդրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից՝ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ վեճի համար։

Բելառուսի նախագահը միևնույն ժամանակ քաղաքական է որակել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի կալանավորումը։ Լուկաշենկոյի խոսքով, Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ իր համար «անընդունելի է քաղաքակական դրդապատճառներով կալանավորումը»։

Լուկաշենկոն, բացահայտելով Սանկտ Պետերբուրգի քննարկումների բովանդակությունը, ասել է, որ և ՌԴ, և Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչու իրենց չէր զանգահարել և չէր խորհրդակցել կարևոր որոշումներ կայացնելուց առաջ։

«Խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նա նաև ասել է, որ ՀԱՊկ գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնում է երիտասարդ և պրոֆեսիոնալ, ոչ թե թոշակային տարիք ունեցող գեներալի։

Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը: