27 հունիսի 2008 - 18:28 AMT
«Մեծ ությակի» ԱԳՆ ղեկավարները կոչ են անում Երեւանին ու Բաքվին լուրջ քայլեր ձեռնարկել Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ
«Մեծ ությակի» արտգործնախարարները կոչ են արել Ադրբեջանին ու Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Մասահիկո Կոմուրայի հայտարարության կետերից մեկում. նա գլխավորում է երկօրյա նախարարական հանդիպումը, որն այսօր ավարտվում է ճապոնական հնագույն մայրաքաղաք Կյոտոյում: Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարները հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին սատարելու մասին` ուղղված հակամարտության շուտափույթ կարգավորմանը: Նախարարները նշել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է «զսպվածություն ցուցաբերեն» եւ «լուրջ քայլեր» ձեռնարկեն, որպեսզի հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Ինչպես հայտնել է ռուս լրագրողներին ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անդրեյ Դենիսովը, «հուլիսին սպասվող ությալի գագաթաժողովին միայն չորս հարց է ներկայացվելու»: «Դրանք են Իրան, Հյուսիսային Կորեա, Ավղանստան եւ Մերձավոր Արեւելք: Բոլոր այդ հարցերը արտացոլված են նախագահի հայտարարությունում եւ ընդհանուր առմամբ ներկայացնում են քննարկման ընթացքը»,- ասել է նա:

Այսօր Կյոտոյում ավարտվող հանդիպումը «ությակի» գագաթաժողովին նախապատրաստվելու վերջին փուլն է, որը անցնելու է հուլիսի 7-9 ճապոնական Հոկայդո կղզում: Վերջին մի քանի ամիսներին Ճապոնիայի տարբեր քաղաքներում արդեն անցել են ֆինանսական, իրավապահ, էներգետիկ, սոցիալական, տնտեսական եւ այլ գերատեսչությունների ղեկավարների քննարկումները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: