18 դեկտեմբերի 2018 - 12:34 AMT
Մակրոն․ Ընտրությունները ցույց տվեցին հայ ազգի նվիրվածությունը ժողովրդավարությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի արձանագրած հաջողության առթիվ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ֆրանսիայի Հանրապետության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Ձեր քաղաքական կուսակցության արձանագրած հաջողության առթիվ։ Ընտրական այս գործընթացն ի ցույց դրեց հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություն լիազորությունների կատարման գործում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել մեր երկկողմ հարաբերությունների վաղեմությունն ու որակը։ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում, որոնց միջոցով դուք ցանկանում եք բարձրացնել տնտեսության արդյունավետությունն ու հայ ժողովրդի բարեկեցությունը», - ասել է Մակրոնն ուղերձում:

Նա նաև վստահեցրել է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակելու է հետամուտ լինել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ, արդարացի և տևական կարգավորմանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։