28 հունիսի 2008 - 16:13 AMT
Ստամբուլում հրատարակվել է Հրանտ Դինքի միակ գիրքը
2007թ. ստեղծված Հրանտ Դինքիանվան միջազգային հրմնադրամը, որ ստեղծվել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանությունից հետո հայ-թուրքական հարաբերությունների զարգացման նպատակով, հրատարակել է նրա միակ «Երկու փակ ազգ, երկու հեռավոր հարեւաններ» գիրքը: Գրքի շնորհանդեսին ներկա էին Դինքի այրին` Ռաքել Դինքը, «Ակոս» թերթի այժմյան գլխավոր խմբագիր Էթյեն Մահչուբյանը, լրագրողներ եւ թուրք հանրության ներկայացուցիչներ` պրոֆեսոր Ահմետ Ինսելը, Էշբեր Յաղուրդերելին եւ Հական Թամազը:

Ըստ Ռ.Դինքի, Հրանտ Դինքը երբեք գրքեր չի գրել: «Ես գրող եմ առանց գրքերի»,-ասում էր նա: «Այս հումորով խոստովանությունն ասում է այն մասին, որ Հրանտը գործի մարդ էր: «Ակոս» թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր լինելով, նա զարգացնում էր Թուրքիայի հիմնական խնդիրներից մեկի` հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված գործողությունների ոճն ու ուղին: Նա նաեւ նպաստում էր Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացին»,-նշել է նա:

Ինչպես գրում է թուրքական «Զաման» թերթը, Հրանտ Դինքն իր գիրքը նվիրել է 1915թ. բռնագաղթի ժամանակ սպանված հայերին, թուրքերին, քրդերին: «Ինչպե՞ս մենք կարող ենք չանվանել այդ անցած աղետի մեղավորներին եւ քաղաքակիրթ հարաբերությունների նոր էջ բացել առանց դասեր քաղելու եւ սխալները ճանաչելու: Դա շատ մեծ պատասխանատվություն է: Իմ ամենամեծ պարտավորությունն են հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը»,-գրել է Հրանտ Դինքը: