Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման:
Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որով պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: