30 հունիսի 2008 - 14:56 AMT
Ամերիկացի լրագրողը բացահայտել է ամերիկյան հատուկ ծառայությունների ծրագրերը Իրանի դեմ
ԱՄՆ նախագահի վարչակազմը Կոնգրեսին ներկայացրել է Իրանի տարածքում ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի գործողությունների էական ընդլայնման ծրագիր: Այդ մասին գրում է իր լրագարողական հետաքննություններով հայտնի The New Yorker-ի լրագրող Սեյմուր Հերշը «Կռվի դաշտի նախապատրաստում» հոդվածում, որը պետք է լույս տեսնի 2008 թվականի հուլիսի 7-ին:

Հերշի տվյալներով, 2007 թվականի վերջում վարչակազմը կոնգրեսականների հավանությանն է ներկայացրել գաղտնի փաստաթուղթ, որում առաջարկվում է բարձրացնել ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեության ֆինանսավորումը $400 միլիոնով: Այդ գումարը պետք է ծախսվի հետախուզական գործողությունների վրա, որոնց նպատակը Իրանի միջուկային ծրագիրն է, ինչպես նաեւ Իրանի ընդդիմադիր կազմակերպությունների աջակցությունը, որոնք ձգտում են վերջ դնել Իրանի ներկա իշխանությանը: Հերշի խոսքերով, այդ տեղեկատվությունն ստացվել է «Presidential Finding» գաղտնի փաստաթղթից, որում հիմքեր են տրվում ամերիկյան հետախուզության բոլոր գործողությունների համար:

Բացի այդ հոդվածում պնդում կա, որ ամերիկյան հատուկ ծառայությունները պարբերաբար գործողություններ են անցկացնում Իրանի տարածքում հիմնականում այն գրոհայինների դեմ, ում մեղավոր են համարում Իրաքում ԱՄՆ զինվորականների վրա հարձակումներում:

Մինչ դեռ, Իրաքում ԱՄՆ դեսպան Ռայան Կրոկերը արդեն հերքել է լրագրողի այդ պնդումները: «Ես կարող եմ ձեզ ուղղակիորեն ասել, որ Իրանի տարածքում որեւէ գործողություն չի անցկացվում»,- հայտարարել է նա, գրում է Lenta.ru-ն:

Հերշը բազմաթիվ անգամներ սենսացիոն հրապարակումներ է կատարել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական ծրագրերի վերաբերյալ: Լրագրողի տվյալներով, ամերիկացի զինվորականները ծրագրում էին միջուկային հարվածեր հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին: Բոլոր այդ հաղորդագրությունները միշտ հերքվում էին ԱՄՆ իշխանությունների կողմից: Բացի այդ, Հերշը հայտնի է Եվրոպայում ԿՀՎ գաղտնի բանտերի բացահայտման գործով եւ Աբու-Գրեյբ բանտում ծաղրանքների հետ կապված սկանդալով: