
Մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել էին նախարարությունների շենքի մոտ՝ բողոքելով նախարարությունների օպտիմալացման դեմ: Նրանք հայտնեցին գործադուլ հայտարարելու մասին, այնուհետև, արդեն կառավարության շենքի մոտ պահանջում էին իրենց բաց նամակը փոխանցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:Հավաքվածները բողոքել են նաև այն հանգամանքից, որ ոչ մի քննարկում այդ հարցերի շուրջ չի եղել:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարությունը կարող է միացվել կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունն ընդհանրապես կարող է լուծարվել:
Կառավարության շենքի մոտ ցուցարարների հետ հանդիպել է կառավարության նամակաների բաժնի պատասխանատուն՝ խոստանալով փոխանցել նամակը:
Ցուցարարները հայտարարել են, որ կսպասեն պատասխանի մինչև դեկտեմբերի 24-ը, հակառակ դեպքում կշարունակեն գործադուլը, պաստրատ են նաև նստացույց անել:
Հանձնելով նամակը՝ ցուցարարները հեռացել են կառավարության շենքի մոտից:
Մշակույթի նախարարության աշխատակից Գուրգեն Ալեքյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ գրել էր, որ նախարարության աշխատակիցները խնդիրը չեն անձնավորում, և ընդդիմանալու միտումը ամենևին էլ աշխատանքը կորցնելու մտավախությունից չէ: Նրանք դեմ են քաղաքական դիրքորոշմանը, և ընդգծում են, որ «մշակույթը մշտապես եղել է մեր երկրի այցեքարտը, և մշակույթի նախարարությունը պետք է մնա մշակույթի նախարարություն»: