30 հունիսի 2008 - 18:24 AMT
Hurriyet. Թուրքիայի նախագահին Երեւան հրավիրելու Սերժ Սարգսյանի մտադրությունը Անկարայում դրական է ընդունվել
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան հրավիրելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավքականների հանդիպումը նայելու համար Անկարայում դրական է ընդունվել: Այդ մասին գրում է թուրքական Hurriyet թերթը` հղում կատարելով կառավարության աղբյուրներին:
Թերթի մեկնաբանի կարծիքով, Սերժ Սարգսյանի ընտրությունից հետո, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում լարվածության որոշակի թուլացում է նկատվում: «Դրա հաստատումն է հանդիսանում Սարգսյանի հայտարարությունը Աբդուլահ Գյուլին Երեւան հրավիրելու մտադրության մասին: Երեւան-Անթալիա ավիաչվերթի բացումը եւս հանդիսանում է դրական փաստ: Օրերս «Արմավիա» ինքնաթիռը 140 ուղեւորներով վայրէջք է կատարել Անթալիայում: Այս տարի նաեւ սպասվում է մոտ 50 հազար հայերի այցելություն Թուրքիա: Թուրքիան $160 մլն. ապրանքաշրջանառությամբ հանդիսանում է երրորդ խոշոր գործընկերը Հայաստանի արտաքին առեւտրում»,- գրում է Hurriyet-ը:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Մոսկվայում Հայաստանի նախագահը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է նոր քայլեր ձեռնարկել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: «Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը միասին դիտելու համար»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: