22 դեկտեմբերի 2018 - 11:11 AMT
Բողոքի ակցիա Էջմիածնում՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատման

Էջմիածնում Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի գործողություններ են. մասնակիցները պահանջում են կալանավորվել Գրիգորյանին։

Այս պահին փակ են քաղաքի կենտրոնական փողոցները, հրապարակը: Ակցիայի մասնակիցներին են միանում են նաև մեքենաների վարորդները:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը Գրիգորյանին գրավի դիմաց բաց թողնելու մասին. գրավի չափը կազմել է 25 մլն դրամ։

Գրիգորյանը ձերբակալված է 2018-ի հունիսից, երբ ԱԱԾ-ն ցուցադրեց իրեն պատկանող առանձնատներում պահվող մեծաքանակ զենք-զինամթերքը, զինվորական հանդերձանքը, սնունդը, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակ ուղարկված օգնություն։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Պաշտպանական կողմը պնդում է, որ Գրիգորյանի առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է։