ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։
Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին՝ Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկունություն է մաղթել, հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը:
Կրեմլի կայքում շնորհավորական ուղերձը տեղադրված չէ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ։Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը դատարանը քննելու է դեկտեմբերի 28-ին:
Ավելի վաղ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու որոշումը: Քոչարյանը կալանավորվել է:
Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել իր կալանավորման որոշման վերաբերյալ, որտեղ նա նշել է, որ վճիռը «քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում»: