Քաղաքի ամբողջ ձյունը միանգամից, մի ժամում մաքրելը պրակտիկորեն հնարավոր չէ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ դա հնարավոր չէ ոչ մի քաղաքում:
«Այս պահի դրությամբ կարող եմ վստահեցնել, որ ձյան գալուն զուգընթաց «Սանիտեկի» ու համայնքին պատկանող ամբողջ ձնամաքրող տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին: Ամեն դեպքում, խնդրում ենք, եթե շատ մեծ անհրաժեշտություն չկա երթևեկելու ավտոմեքենայով, փորձեք հրաժարվել մեքենայից՝ երթևեկությունն ավելի թեթև ու անվտանգ դարձնելու նպատակով: Հատկապես ձնամաքրմանը խանգարում են մայթերի երկայնքով (երբեմն՝ երկու շարքով) խիտ կայանած ավտոմեքենաները»,-ասվում է գրառման մեջ:
Ձյունը Երևանում կտեղա դեկտեմբերի 28-ի ցերեկը: Դեկտեմբերի 29-30- ը, հունվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։