
Զորակոչիկների ավտոբուսի հետ կապված միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են միջոցներ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, հայտարարել է պաշտպանության նախարարությունը։ Հայտարարությունում գրվում է, որ պաշտպանության նախարարությունը հետևողական է լինելու միջադեպի` «բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում»։
Ոստիկանությունն, իր հերթին, արձագանքել է քննադատությանն առ այն, որ ավտոբուսը չի ուղեկցվել իր աշխատակիցների կողմից։ «Կառավարության 29․10․2018 թ․ 1337-Ն որոշման համաձայն ՝ ոստիկանությունը զորակոչիկների խմբերին պետք է ուղեկցի Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը։ Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը, այսինքն կարգի համաձայն՝ ոստիկանությունն այլևս չէր կարող շարունակել ուղեկցումը մինչև հավաքակայան», - ասվում է հայտարարությունում։
Հունվարի 8-ին մի խումբ երիտասարդներ նախ կանգնեցրել են զորակոչիկներ տեղափոխող ավտոբուսը, այնուհետև, հարվածնելով դռանը, ներս մտել, հայհոյել վարորդին, այնուհետև լեզվակռվի բռնվել անցորդներից ոմանց հետ։