3 հուլիսի 2008 - 20:00 AMT
Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնախմբի համանախագահ կոնգրեսականն ընդգծել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը
Ամերիկայի հայկական համագումարը (AAA) ողջունում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Պելոսիի (դեմոկրատական, Կալիֆորնիա) վերջերս կատարած ընտրությունը` Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնախմբի համանախագահ նշանակելու կոնգրեսական Ջիմ ՄըկԳավերնին (դեմոկրատական, Մասսաչուսեթս), ով այդ պաշտոնում կփոխարինի հանգուցյալ կոնգրեսական Թոմ Լանթոսին:

Կոնգեսում իր փայլուն գործունեության ողջ ընթացքում նախագահ Լանթոսը եղել է մարդու իրավունքների մոլի պաշտպան: 110-րդ Կոնգրեսում ծառայելիս, նա պաշտպանել է Դարֆուրում ցեղասպանության դադարեցմանն ուղղված ջանքերն, ինչպես նաեւ քվեարկել է հօգուտ Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւի, որը Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունը ժխտելու շարունակվող փորձերի դեմ է պայքարում:

Անցյալ տարի հոկտեմբերին Լոնթոսը` լինելով Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ, քվեարկել էր հօգուտ մարդու իրավունքների այս խիստ կարեւոր բանաձեւի: Նա ասել էր. «Սա այն դեպքերից մեկն է, որին պետք է մեկ ընդմիշտ լուծում տրվի: 1.5 միլիոն բոլորովին անմեղ հայ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ են կոտորվել: Եվ Թուրքիայի կառավարությունը մինչ այժմ ահաբեկել է ԱՄՆ-ի Կոնգրեսին, որպեսզի վերջինս չընդունի այս բանաձեւը: Այն ժամանակ, երբ ցեղասպանությունները շարունակվում են Դարֆուրում եւ այլուր, կարծում եմ, կարեւոր է չլինել մեղսակից` մի այլ կարեւոր ցեղասպանություն գորգի տակ թաքցնելու գործում»:

«Խոսնակ Փելոսիի որոշումն ինձ համար մեծ պատիվ է, եւ ակնկալում եմ աշխատել իմ գործընկերների հետ այն կարեւոր հարցերի շուրջ, որոնք այսօր ծառացած են մեր առջեւ», - ասաց կոնգրեսական ՄըկԳավերնը: «Դադարեցնելով Դարֆուրում ընթացող ցեղասպանության արշավը եւ կանխելով ապագա ցեղասպանությունները, մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը», նշել է նա: