11 հունվարի 2019 - 15:49 AMT
ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներին Ադրբեջանից արտաքսելու դեպքերը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Բաքվի օդանավակայանից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներին արտաքսելու դեպքերին, ասել է, որ դա «մարդու իրավունքների կոպիտ խախտում է», հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»:

«Ես նման դեպքերի վերաբերյալ մեծ քանակությամբ հաղորդագրություններ եմ տեսել, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցերում: Տոնական օրերի ընթացքում նույնպես նման միջադեպ է գրանցվել, նման միջադեպեր գրանցել ենք նաև նախկինում»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ իրենք պարբերաբար հրավիրել են ադրբեջանական կողմի ուշադրությունը ստեղծված իրավիճակի վրա:

Երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այս գործելաոճը հակասում է ռուս-ադրբեջանական մի շարք պայմանագրերի և համաձայնագրերի ոգուն:

Դեկտեմբերի 29-ին Ադրբեջան մուտք գործել չեն թողել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Քրիստինե Գևորգյանին: