4 հուլիսի 2008 - 22:41 AMT
Հայկական ընդդիմությունը մտադիր է նստացույց կազմակերպել
Հայաստանի ընդդիմությունը մտադիր է կազմակերպել բողոքի նստացույց, իսկ ավարտել քաղաքական պայքարի այդ փուլը նոր նախագահական ընտրություններով: Այդ մասին հուլիսի 4-ին ընդդիմության հանրահավաքում հայտարարել է Համազգային շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Մյուս բանախոսը` Լեւոն Զուրաբյանը նշել է, որ նստացույցը կտեւի 4 շաբաթ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որն ընդդիմությունը մտադիր է կազմակերպել օգոստոսի 1-ին: Զուրաբյանը չի ասել, թե որտեղ է անցկացվելու նստացույցը, հաղորդելով, որ հարցը կլուծվի հանրահավաքից հետո:
Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքին մասնակցում էին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀՇ վարչության անդամներ, այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, հաղորդում է «Ռեգնումը»:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը չէր արտոնել հանրահավաքի անցակցումը Մատենադարանի մոտ, առաջարկելով անցկացնել այն կամ «Հրազդան» մարզադաշտի, կամ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի մոտ: