Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին՝ հայտարարելով, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կարգավորել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները:
Այդ մասին Չավուշօղլուն խոսել է Անթալիայում ուսանողների հետ հանդիպմանը: Չավուշօղլուն նաև հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու մեջ, հայտնում է Ermenihaber-ը:
Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է. «Գոյություն ունեցող որոշ խնդրիների կարգավորման համար պետք է նախաձեռնող լինել: Բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանելը: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և ոչ էլ կարգավորում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում: 2019-ին այս հարցերում ավելի հետևողական ենք լինելու»։
Չավուշօղլուն հանդիպմանը խոսել է նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում տիրող իրավիճակի մասին։