9 հուլիսի 2008 - 19:36 AMT
Սերժ Սարգսյան. Հայաստանն ու Թուրքիան չեն կարող եւ չպետք է լինեն մշտական հակառակորդներ
«Ժամանակն է նոր ջանքեր գործադրել փակուղուց ելնելու համար եւ շտկել իրավիճակը, որը ոչ մեկին չի օգնում եւ շատերին խանգարում է: Որպես Հայաստանի նախագահ` ես հնարավորություն եմ գտել Թուրքիայի կառավարության եւ ժողովրդի հետ երկխոսության նոր փուլ սկսելու համար մեր հարաբերությունների բարելավման եւ սահմանների բացման նպատակով»,- ասվում է Wall Street Journal թերթում տպագրված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածում` «Մենք պատրաստ ենք բանակցությունների Թուրքիայի հետ»:

ՀՀ նախագահը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը առաջիններից էր, ով շնորհավորեց իրեն Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդ շնորհավորական ուղերձը որակեց որպես նոր երկխոսության դռների բացում: «Այսօր չկա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման իրական այլընտրանք, սակայն ես հուսով եմ, որ մեր պետությունները կկարողանան բացել նոր դուռը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նրա կարծիքով, նորմալ քաղաքական հարաբերությունների հաստատումը հնարավորություն կտա Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում առկա բոլոր խնդիրների քննարկման նպատակով հանձնաժողովի ստեղծման համար: «Մենք էական առաջընթաց չենք ակնկալում առանց նման հարաբերությունների կառուցման: Սակայն քննարկելով դրանք` մենք կարող ենք արդյունավետ երկխոսություն սկսել անգամ վիճելի պատմական հարցերի շուրջ»,- գտնում է Սարգսյանը: Նա նաեւ նշել է, որ շատ հայեր եւ թուրքեր ուղիներ են գտնում, որպեսզի շրջանցեն փակ սահմանը: «Կան չարտերային չվերթեր Երեւանից Ստամբուլ եւ Անթալիա, ավտոբուսներ եւ տաքսիներ Վրաստանի տարածքով: Մեծ ճանապարհներ են կատարվում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը ապահովելու համար: Ինչպես ԱՄՆ-ի եւ Չինաստանի կառավարությունների դեպքում պինգ-պոնգը օգնեց մինչեւ հարաբերությունների բարելավումը, այնպես էլ Հայաստանն ու Թուրքիան կարող են միավորվել ֆուտբոլի նկատմամբ տածած սիրո շնորհիվ: Հենց դա ինձ ստիպեց հրավեր ուղարկել թուրք գործընկերոջս»,- գրում է Հայաստանի նախագահը:

Ըստ նրա, Թուրքիայի նախագահի ներկայությունը Երեւանի մարզադաշտում սեպտեմբերի 6-ին, երբ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները որակավորման խաղ են անցկացնելու 2010 թվականի Աշխարհի առաջնության համար, կդառնա երկու երկրների փոխհարաբերությունների նոր խորհրդանիշը: «Երկխոսության ժամանակ կարող են երկստեք քաղաքական խոչընդոտներ ծագել, սակայն մենք պետք է խիզախ եւ հետեւողական լինենք մեր գործողություններում: Հայաստանն ու Թուրքիան չեն կարող եւ չպետք է լինեն մշտական հակառակորդներ: Հայաստանի ու Թուրքիայի համար ավելի հեռանկարային եւ շահավետ ապագա է արեւելա-արեւմտյան միջանցքի բացումը դեպի Եվրոպա եւ Կասպից շրջան»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Երկկողմանի հարաբերությունների բարելավման համար Թուրքիան պահանջում է Հայաստանից հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, կարգավորել Ղարաբաղի հարցը հօգուտ Ադրբեջանի եւ ճանաչել ժամանակակից Թուրքիայի սահմանները:

Հուլիսի 5-ին Աստանայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Աբդուլահ Գյուլին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը, որը կայանալու է Երեւանում սեպտեմբերի սկզբում: