10 հուլիսի 2008 - 15:54 AMT
Զենքի վաճառքի հարցում Ռուսաստանն առաջնությունը տալիս է ԱՊՀ երկրներին
Զենքի վաճառքի հարցում Ռուսաստանն առաջնությունը տալիս է ԱՊՀ երկրներին, հաղորդել է Ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը: «Մենք լավ հարաբերություններ ունենք ռազմատեխնիկական ոլորտում նախկին խորհրդային հանրապետություններից շատերի հետ` Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի հետ»,-ասել է նա:
Նրա խոսքերով, Ռուսաստանն այժմ ունի զենքը վաճառելու շուկա, որը ձեւավորվել է դեռեւս ԽՍՀՄ ժամանակներում: 1991թ. քաղաքական աշխարհագրության փոփոխությունից հետո, հետխորհրդային տարածքում մնաց խորհրդային սպառազինության եւ ռազմատեխնիկայի զգալի մի մասը: «Մենք ակտիվ դիրքորոշում ենք որդեգրել եւ առաջարկում ենք այդ երկրներին ռազմական տեխնիկայի այն նմուշները, որոնք նրանց հարկավոր են ստեղծված հանգամանքների բերումով»,-ասել է Բիրյուլինը:
Նա նշել է, որ ԱՊՀ շատ երկրներ են հետաքրքրված վեցերորդ Սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի միջազգային ցուցահանդեսով, որն անցնում է Նիժնի Տագիլում: «Առաջին անգամ Նիժնի Տագիլի ցուցահանդեսին ներկա էր նաեւ Հայաստանի ռազմական պատվիրակությունը: Մենք ծանոթացանք, կարծիքներ փոխանակեցինք երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին»,-հայտարարել է Կոնստանտին Բիրյուլինը:
Այն հարցին, արդյոք Ռուսաստանում այն իրավիճակը չի ստեղծվի զենքի վաճառքի ասպարեզում, որը ստեղծվեց ԽՍՀՄ-ում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Աֆրիկայի որոշ երկրների հետ, Բիրյուլինը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մեզ մոտ կկրկնվի այդ իրավիճակը, երբ զենքի մի շարք առաքումներ աֆրիկյան երկրներ կատարվեցին անհատույց: Այժմ նման համագործակցության մի շարք պայմաններ կան, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին արդյունավետ կերպով զենք վաճառել»,-հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: