10 հուլիսի 2008 - 20:03 AMT
Երկրները, որոնք տրվում են Ադրբեջանի սադրանքին, վտանգում են Ղարաբաղի կարգավորումը
«Եթե բանակցությունների կողմերից մեկը ներկայացնում է միայն իրեն ձեռնտու սկզբունքը` ձեւացնելով, թե մյուս երկուսը գոյություն չունեն, դա լրջորեն խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանկարգավորման բանակցային գործընթացին», հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության վերաբերյալ հարցը, որի մասին հաճախակի հիշատակում է ադրբեջանական կողմը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքերով, երկրները, որոնք տրվում են Ադրբեջանի սադրանքին, փաստորեն իրենց հերթին, ոչ միայն չեն նպաստում բանակցային գործընթացի առաջընթացին, այլեւ վտանգում են այն:
«Դա արվում է գիտակցաբար, թե անգիտակցաբար, մտածված, թե չմտածված, ամեն դեպքում, դա լրջորեն խանգարում է խաղաղ գործընթացին: Որեւէ մեկը չպետք է կասկածի, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի ճանաչման եւ իրացման ճանապարհով»,- նշել է Էդվարդ նալբանդյանը:
Այդ կապակցությամբ, ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ 1950-ական թվականներին միջազգայնորեն ճանաչված պետությունների թիվը մոտ 8 տասնյակ էր, այսօր ՄԱԿ-ի անդամ են 192 պետություն, որոնց մեծամասնությունը իր անկախությունը ձեռք է բերել ինքնորոշման իրավունքի իրականացմամբ:
«Հասկանալի է, որ նավթի եւ գազի վաճառքից ստացված եկամուտները որոշակի գլխապտույտ են առաջացրել, ինչը ստեղծել է ամենահզորի պատրանք: Նույն զգացումով 1991թ. Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղում: Հետեւանքները հայտնի են»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով «Մեդիամաքս» գործակալության հարցին: