11 հուլիսի 2008 - 14:57 AMT
Իսրայելի ՌՕՈՒ-ն կօգտագործի՞ Իրաքում տեղակայված ավիաբազաները Իրանի վրա հարձակման դեպքում
Իսրայելի ՌՕՈՒ-ն կարող է օգտագործել Իրաքի օդային տարածքը: ԱՄՆ-ն թույլ է տվել օգտագործել Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանները եւ թռիչքները Իրաքի օդային տարածքում Իրանի դեմ ռազմական հարձակման դեպքում, հաղորդում է NEWSruIsrael-ը:

Իրաքի պաշտպանության նախարարության անանուն աղբյուրը հաղորդել է, որ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մի քանի իսրայելական ինքնաթիռներ օգտվում են Իրաքի ամերիկյան ռազմակայաններից: Վերջին երեք շաբաթվա ընթացքում հաճախակի են դարձել ամերիկյան կործանիչների, բեռնատար օդանավերի, ուղղաթիռների եւ անօդաչու թռիչքային ապարատների թռիչքները: Նշվել է նաեւ, որ ամերիկացիները ուժեղացրել են ավիաբազաների պաշտպանությունը:

Իսրայելի, Հորդանանի, Իրաքի եւ ԱՄՆ-ի պաշտոնական աղբյուրները մեկնաբանություններ չեն տալիս: Օրերս Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրապարակայնորեն «ծիծաղելի» անվանեց ենթադրությունները Իրանի վրա ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարձակման հնարավորության մասին: