11 հուլիսի 2008 - 15:11 AMT
Անկարայում քննարկում են Աբդուլլահ Գյուլին ուղղված Հայաստան այցելելու հրավերը
Պաշտոնական Անկարան ստացել է Երեւանում կայանալիք Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը, հասցեագրված Աբդուլլահ Գյուլին եւ այժմ հրավերը քննարկվում է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգին: Նա նաեւ ընդգծել է, որ Անկարան համաձայն է նախագահ Սարգսյանի հետ այն հարցում, որ «չկա այլընտրանք, երկկողմ հարաբերությունների հաստատումից բացի եւ դրան հարկավոր է մեկնարկ տալ»: «Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո նամակներ փոխանակվեցին եւ այդ պահերն ընդգծվել են: Մենք գոհունակությամբ ենք ընկալում Սերժ Սարգսյանի խոսքերը»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը, գրում է թուրքական Today,s Zaman թերթը:

Հայաստանի նախագահը Wall Street Journal թերթում հրապարակված հոդվածում գրել է, որ Թուրքիայի նախագահի այցը Երեւան խորհրդանշական մեկնարկ կլինի հարաբերություններ հաստատելու համար: Ըստ Սարգսյանի, նորմալ վստահելի քաղաքական հարաբերությունների հաստատումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ թույլ կտա հանգամանալից քննարկել երկու կողմերին հուզող հարցերը:

2010թ. Աշխարհի առաջնության Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ որակավորման խաղը տեղի կունենա Երեւանում սեպտեմբերի սկզբին: