
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կարծում է, որ Մարտի մեկի գործի հետ կապ չունի 0038 բանաձևը, և առհասարակ ՀՀ-ում 2008-ին սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հոդվածը ծիծաղելի է համարում: Այս մասին Բալասանյանը խոսել է Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Միքայել Հարությունյանի և մյուսների նկատմամբ առաջադրված մեղադրանքներն ինքը օրինաչա՞փ է համարում, թե ոչ:
Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե Քոչարյանին ու մյուսներին կալանավորելու ու մեղադրանք առաջադրելու փա՞ստն էլ է ծիծաղելի համարում՝ Բալասանյանն ասել է«Բերեք բոլորին կալանավորենք, հետո ՀՔԾ-ն որոշի՝ ով մեղավոր է, ով մեղավոր չէ, ի՞նչ է նշանակում դա, կալանքը ի՞նչ կապ ունի, եթե քրեական գործ կա հարուցված: 0038 հոդվածը կապ չունի Մարտի մեկի հետ», հայտնում է galatv-ին:
«Սահմանադրական կարգի տապալման մասին հոդվածը ծիծաղելի է: Ո՞նց եք պատկերացնում: Այսօր Նիկոլ Փաշինյանն ինքը սահմանադրական կարգը տապալի, որպեսզի ինքը մնա վարչապե՞տ: Մի քիչ ծիծաղելի է: Ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգը տապալել: Սահմանադրական կարգը տապալում է այն ուժը, որն իշխանության չէ, իշխանությունում գտնվող մարդը ինչի՞ է սահմանադրական կարգը տապալում: Չեմ հասկանում այդ հոդվածը»,
Այն հարցին, թե բանակն, այսինքն, չի՞ մասնակցել քաղաքական գործընթացներին 2008-ին, Բալասանյանը պատասխանել է.«Բակակը ես չեմ տեսնում, որ մասնակցել է քաղաքական գործողությունների… միգուցե ինչ-որ մարդիկ մասնակցել են, բայց այն հրամանները, ինչի մասին ժամանակ առ ժամանակ ասում են, այդ հրամաններում այդպիսի բան չկա: Ժամանակ կգա, հետո կասեք՝ ամոթ ա, էս ինչի՞ պոչից ենք բռնել: 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային իրավիճակին, որը ցանկացած երկրում պտի գնա դրան: Զորքը չի մասնակցել ներքաղաքական հարցերին: Դուք զորք տեսե՞լ եք էն ժամանակ, որ կրակում էին: Ներքին զորքերն էին կրակողը, բանակը այդպիսի զինատեսակ ու զինամթերք չունի, երբևիցե չի էլ ունեցել, դա ներքին զորքերինն է»:
Անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանին միտումնավոր սպանել են, որ արտակարգ դրություն մտցնելու համար հիմք ունենա Քոչարյանը՝ Վիտալի Բալասանյանն ասել ՝.«Ամոթ է, չի կարելի այդպիսի բան ասել, և մանավանդ էս վերջին ժամանակները տեսնում ենք զոհվածների ծնողներին: Տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ ընտանիքներին գցել են այդպիսի ծանր իրավիճակի մեջ: Ամոթ է, չի կարելի նման բաներ անել: Ովքեր արտահայտում են այդ միտքը, կարճ ժամանակ հետո շատ փիս վիճակի մեջ են ընկնելու: Նրանք, ովքեր սխալ ինֆորմացիա են տալիս մեր ժողովրդին, շատ փիս իրավիճակում են հայտնվելու»: