29 հունվարի 2019 - 10:42 AMT
ԱԺ փոխնախագահն առաջարկում է փոխել օրհներգը՝ վերադառնալով Արամ Խաչատրյանի տարբերակին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտադիր է նախաձեռնությամբ հանդես գալ՝ ՀՀ օրհներգը փոխելու և Արամ Խաչատրյանի գրած օրհներգին վերադառնալու վերաբերյալ:

«Ես նախաձեռնելու եմ քննարկումներ, քննարկելու եմ այդ հարցն իմ թիմի անդամների հետ: Կարծում եմ, որ հանրային լայն քննարկման ժամանակն է, ճիշտ կլինի, որ փոխվի ՀՀ օրհներգը, և որպես դրա երաժշտություն Արամ Խաչատրյանի երաժշտությունը վերցվի»,-ասել է նա, հայտնում է Galatv-ին:

Նա հավելել է, որ Արամ Խաչատրյանինը իդեալական երաժշտություն է: Ըստ նրա, ընդդիմախոսների այն հակափաստարկը, թե դա խորհրդային Հայաստանի օրհներգն է, անընդունելի է, որովհետև երաժշտությունն արվեստ է, «չի կարող լինել խորհրդային, բուրժուական, թագավորական»: «Չայկովսկին, Բախը, Մոցարտը, Խաչատրյանը ժամանակից ու քաղաքականությունից դուրս համամարդկային արժեքներ են»,-ասել է ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով այն հարցին, որ տարիներ առաջ եղել է նման մտադրություն, բայց քննարկումները հաջողությամբ չեն պսակվել՝ Սիմոնյանն ասել է, որ լայն քննարկման արդյունքում հնարավոր է կոնսենսուսի հասնել:

«Արամ Խաչատրյանի երաժշտությունը բոլոր կանոններին համապատասխանում է, ի տարբերություն այսօրվա օրհներգի: Խոսքն այն մասին է, որ օրհներգի երաժշտությունը պետք է այնպիսին լինի, որ երաժշտությունն աստիճանաբար բարձրանա: Երկրորդը՝ Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ի տարբերություն այսօրվա օրհներգի, ամբողջովին հայկական է, այն իր մեջ նաև շարական է պարունակում: Արամ Խաչատրյանը, լինելով խորը հավատացյալ մարդ, օրհներգի մեջ շարական է տեղադրել՝ ընդգծելու համար դրա հայկականությունը: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք և մենք մեր ակունքներին, սովորույթներին պետք է հավատարիմ մնանք: Տեսեք, մի պարզ օրինակ բերեմ. ունենք Խորենացու, Գրիգոր Լուսավորչի, Մաշտոցի անուններով փողոցներ ու պողոտա, սակայն անվանման մեջ «սուրբ» լինելու հանգամանքը չի ընդգծվում: Իսկ ընդգծելը հայրենասիրության շատ լավ ազդակ կլինի»,-ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե մտավախություն չունի արդյո՞ք, որ որոշ շրջանակներում Արամ Խաչատրյանին վերադառնալը կարող է Ռուսաստանին ընդօրինակելու, նմանակելու քայլ դիտարկվել, քանի որ այնտեղ էլ վերադարձան ԽՍՀՄ շրջանի օրհներգին՝ Սիմոնյանն ասել է. «Ի՞նչ նմանակելու մասին է խոսքը: Արամ Խաչատրյանի երաժշտությունը համամարդկային արժեք է՝ ճանաչված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Թող ռուսները մեզ նմանակեն, հավատք ունենք, պետություն ունենք, մենք Արամ Խաչատրյան ունենք, իրենք չունեն...Մենք դա չենք անում նրա համար, որ Ռուսաստանը դա արել է, մենք անում ենք, որովհետև ունենք Արամ Խաչատրյան»:

Արամ Խաչատրյանը ՀԽՍՀ օրհներգի երաժշտության հեղինակն է, որը գրվել է 1944-ին: Խաչատրյանը հիմնի համար օգտագործել է Գայանեի III գործողության (1942) հերոսական հատվածներից մեկի երաժշտությունը։

2006-ին Հայաստանի նոր օրհներգի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որը որպես հիմն հնչել է խորհրդային տարիներին: Մրցութային հանձնաժողովը որոշել էր դիմել կառավարությանը՝ Արամ Խաչատրյանի երաժշտության տեքստի համար առանձին մրցույթ հայտարարելու խնդրանքով: Առաջարկը պետք է քննարկվեր Ազգային ժողովում, որտեղ Դաշնակցությունն արդեն օրինագիծ էր ներկայացրել գործող օրհներգը՝ «Մեր Հայրենիքը» ուժի մեջ թողնելու վերաբերյալ: