11 հուլիսի 2008 - 19:19 AMT
Դավիթ Հովհաննիսյանը չի բացառում, որ Լավրովը Անկարայում պետք է բարենպաստ միջավայր ստեղծեր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար
Թուրքիան շատ հարմար երկիր է ածխաջրածնի տրանզիտի համար Ասիայից Եվրոպա: Այդ մասին հայտարարել է Երեւանի պետհամալսարանի պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը «Հայաստանը մերձավոր արեւելյան տարածքում. ենթակառուցվածքների գլոբալիզացիա» կլոր սեղանի ժամանակ, որն անցել է Երեւանում` Կովկասի ինստիտուտում: Նրա կարծիքով, վերջերս նկատվում է թուրք-ամերիկյան հարաբերությունների որոշ վատացում ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման ֆոնի վրա: «ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի վերջին այցելությունը Անկարա կապված է Թուրքիայի տարածքով ռուսական գազի տրանզիտի հետ: Ես չեմ բացառում, որ Լավրովը Անկարայում պետք է բարենպաստ միջավայր ստեղծեր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար: Հատկանշական է, որ ըստ ժամանակցույցի ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցելությունը կայացավ Մոսկվա Սարգսյանի կատարած այցից անմիջապես հետո, որտեղ Հայաստանի նախագահը հայտարարեց, որ կհրավիրի Թուրքիայի նախագահին Երեւան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների խաղը միասին դիտելու համար»,- նշել է հայ գիտնականը:

Հայաստանի նախագահը Wall Street Journal-ում տպագրած հոդվածում գրել է, որ Թուրքիայի նախագահի այցելությունը Երեւան հարաբերությունների խորհրդանշական սկիզբ կդառնա: Սարգսյանի կարծիքով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ վստահելի հարաբերությունների հաստատումը թույլ կտա մանրամասնորեն քննարկել հարցերի համալիրը, որը հուզում է երկու կողմերին:

Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների որոկավորման հանդիպումը 2010 թվականի աշխարհի առաջնության համար կայանալու է սեպտեմբերի 6-ին Երեւանում: