12 հուլիսի 2008 - 14:33 AMT
Թուրքիայի նախագահի այցելությունը Երեւան քիչ հավանական է
Եթե Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա չի նշանակում, նա չի ճանաչում ազգերի ինքնորոշման իրավունքը, քանի որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հուլիսի 11-ին հայտարարել է ՀՅԴ «Դաշնակցություն» Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը: «Ղարաբաղի հարցը հանրության ուշադրությունից դուրս է մնացել, սակայն ոչ մեր կուսակցության»,- ընդգծել է նա, միեւնույն ժամանակ ուշադրություն դարձնելով ԼՂՀ-ում կատարվող փոփոխություններին: «Վերջին ժամանակներում Ղարաբաղում որակական փոփոխություններ են կատարվել: Էապես աճել է Ղարաբաղի հասարակության վստահության մակարդակը իշխանությունների նկատմամբ, լուրջ ծրագրեր են իրականացվում, Ղարաբաղում ձեւավորվում է պետության նոր մոդել եւ իրականացվող ծրագրերի նկատմամբ, եւ կադրային փոփոխությունների նկատմամբ, եւ նորմալ ինստիտուտների ձեւավորման հարցում: Ես կարծում եմ, որ մեր կարեւորագույն խդնիրներից մեկը պետք է դառնա ավելի մեծ ուշադրության հատկացումը նրան` ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, քանի որ դա կարող է օգտակար լինել նաեւ Հայաստանի համար»,- նշել է Վարդանյանը:
Խոսելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման հնարավորության առումով` Վարդանյանը նշել է, որ ելնելով նախագահի մամլո քարտուղարի եւ արտգործնախարարի տված բացատրություններից, ինչպես նաեւ նախագահի հետ շփումից «Դաշնակցությունը» հասկանում է, որ նա «Հայոց ցեղասպանության փաստը չի համարում վիճելի կամ ուսումնասիրության ենթակա»: «Մենք պնդում ենք, որ ցանկացած պաշտոնյա, որը ներկայացնում է Հայաստանը, եւս չի կարող այլ մոտեցում ունենալ այդ հարցի նկատմամբ: Ես նաեւ գտնում եմ, որ Ցեղասպանության փաստը վերաբերում է ոչ միայն անցյալին. այդ հարցը վերաբերում է մեր ժողովրդի եւ պետության ապագա գոյությանն ու անվտանգությանը: Մենք չենք դրել այդ հարցը, Թուրքիան է փակել սահմանը, կանգնած է Ադրբեջանի կողքին Հայաստանի դեմ, ինչը աննորմալ է Եվրախորհրդի անդամ-պետության համար, որը նաեւ ձգտում է դառնալ Եվրամիության անդամ»,- հայտարարել է նա:
Վարդանյանի կարծիքով, Գյուլի այցելությունը Հայաստան քիչ հավանական է: «Ես չեմ հասկանում` ինչպես մի մարդ, ով Հայաստանի հետ խոսում է նախապայմաններով, երկիրը շրջափակել է, չի հաստատում դիվանագիտական հարաբերություններ կարող է որոշել ժամանել մեր երկիր»,- հայտարարել է նա: «Մեր կուսակցությունն իր վերաբերմունքն ունի այդ հարցի նկատմամբ, մենք միանշանակ նրա կողքին չենք նստի»,- ասել է Վարդանյանը, հաղորդում է Regnum-ը: