2 փետրվարի 2019 - 10:40 AMT
Փարիզում հրաժեշտ են տվել Լեգրանին

Փարիզում վերջին հրաժեշտն են տվել հայկական ծագումով հայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանին: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Ալեքսանդր Նեվսկու տաճարում, որտեղ հավաքվել են նրա ընտանիքի անդամներն ու մերձավորները: Արարողությանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի նախագահի տիկին Բրիջիթ Մակրոնը, հայտնում է tvkultura.ru-ն:

Մեծ կոմպոզիտորը հուղարկավորվել է Պեր Լաշեզ գերեզմանատանը:

Միշել Լեգրանը մահացել է հունվարի 26-ին 87 տարեկանում։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ գրառումը կատարել էր հայերեն:

Ֆրանսիացի կոմպոզիտոր, գործիքավորող, դիրիժոր և դաշնակահար Լեգրանը ծնվել է 1932թ. Փարիզում:Նրա հայրը ֆրանսիացի կոմպոզիտոր ու դերասան Ռայմոնդ Լեգրանն է և մայրը՝ հայ դաշնակահարուհի Հայկանուշ Մարսել Տեր-Միքաելյանը:

Առաջին երաժշտկան փորձը Լեգրանը ստացել է հորից: 11 տարեկան հասակում Միշելն ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա: Ավարտելուց հետո նա բնակության է մեկնել ԱՄՆ, որտեղ երաժշտություն է գրել կինոարվեստի ոսկե ֆոնդ մտած ֆիլմերի համար` «Շերբուրյան հովանոցներ», «Աղջիկները Ռոշֆորից» և այլն: Լեգրանի ստեղծագործությունները կատարել են հայտնի դաշնակահարներ Օսկար Պիտերսոնը, Քաունթ Բեյսյան, Չարլի Պարկերը: Միշել Լեգրանը երեք «Օսկար» և հինգ «Գրեմի» է ստացել: