
Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարևոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելել է, որ կառավարության միջնորդությամբ և քաջալերմամբ՝ տասնյակ մասնավոր ընկերություններ պայմանագրեր են կնքում պետական ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու վերաբերյալ:
«Այսպիսով՝ մասնավոր հատվածը կրթական համակարգում ներդրումներ անելու շատ կոնկրետ շահագրգռություն է ստանում. նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ուսումնարաններին, որ նրանք պատրաստեն այդ ընկերություններին անհրաժեշտ կադրեր: Ինչը նշանակում է, որ շրջանավարտների առնվազն մեծ մասը կունենա երաշխավորված աշխատանք:
Ամենաուրախալին այն է, որ այս գործընթացը ծավալվում է նաև մարզերում: Հիմա արդեն մոտ երկու տասնյակ պայմանագրեր են կնքվել տեքստիլ, զբոսաշրջության, սննդի արդյունաբերության, դիզայնի և այլ բնագավառներում: Առաջիկայում սպասվում է ևս մոտ մեկ տասնյակ պայմանագրերի ստորագրում»,-ասվում է գրառման մեջ:
Վարչապետը կոչ է արել բոլոր մասնավոր ընկերություններին սերտորեն համագործակցել ԿԳ նախարարության, կառավարության հետ՝ խիստ դրական այս գործընթացը ընդլայնելու համար: