17 հուլիսի 2008 - 15:47 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովը պահպանել է Երեւանին եւ Բաքվին հատկացվող ռազմական ֆինանսական օգնության հավասարությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտասահմանյան ծրագրերի ենթահանձնաժողովը մերժել է Ադրբեջանին հատկացվող ռազմական ֆինանսական օգնութունը կրճատելու վերաբերյալ ուղղումը, որ առաջարկել էր Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ջո Նոլենբերգը, մեկ ձայնի տարբերությամբ` 2009թ. ֆինանսական տարվա արտաքին օգնության բյուջեի քննարկման ընթացքում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA) Ուղղման մեջ կոչ է արվում կրճատել Ադրբեջանին հատկացվող ռազմական ֆինանսական օգնությունը, որն անընդհատ սպառնալիքներով է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հասցեին:

«Մենք երախատապարտ ենք Ջո Նոլենբերգին նրա նախաձեռնության համար, ինչպես նաեւ շնորհակալ ենք Ադամ Շիֆին եւ Մարկ Քըրքին, որոնք սատարեցին այս նախաձեռնությանը` Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման նպատակով»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ վշտացած է եւ հիասթափված ենթակոմիտեի նախագահ Նիտա Լովեյի եւ Ներկայացուցիչների պալատի անդամների դիրքորոշմամբ, որոնք, թեեւ Ամերիկայի հայ համայնքի բարեկամներն են, սակայն ուղղմանը դեմ են քվեարկել:

Արդյունքում ենթակոմիտեն որոշել է Հայաստանին հատկացնել 52 մլն դոլար, Լեռնային Ղարաբաղին` 8 մլն դոլար որպես մարդասիրական օգնություն: Մերժելով Նոլենբերգի ուղղումը` ենթահանձնաժողովը պահպանել է հավասարության սկզբունքը Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական ֆինանասական օգնություն ցույց տալու հարցում:

Մինչ քննարկումը Ներկայացուցիչների պալատում, օրինագիծը հուլիսի 17-ին քննարկվել է Հատկացումների կոմիտեում:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում կայացած լսումներում Ջ.Նոլենբերգը հարց էր հղել ԱՄՆ պետքարտուղար Դենիել Ֆրիդին` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հասցեին Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ պետդեպարտամենտի դիրքորոշման կապակցությամբ:

«Ես համոզված եմ, որ Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար, Ադրբեջանի միլիտարիստական մեքենան պետք է կանգնեցվի: Ուստի մեզ համար անընդունելի է որեւէ ռազմական օգնության տրամադրումը Բաքվին, եւ ես կպայքարեմ, որպեսզի այդ գումարը առգրավվի բյուջեից` ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: ԱՄՆ-ն չպետք է աջակցի Ադրբեջանի ռազմատենչ պահվածքին»,-լսումների սկզբում հայտարարել է Ջո Նոլենբերգը: