17 հուլիսի 2008 - 18:27 AMT
Ալի Բաբաջան. Թուրքիան հանդիսանում է «կյանքի դուռ» Հայաստանի համար
«Թուրքիան հանդիսանում է «կյանքի դուռ» Հայաստանի համար, եւ Երեւանը պետք է որոշի. շարունակել ուշադրությունը սեւեռել խնդիրների վրա կամ նոր գլուխ բացել հայ-թուրքական հարաբերություններում»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերով, «անցյալի իրադարձությունները պատմաբանների գործն է, իսկ քաղաքական գործիչները պետք է նայեն դեպի ապագա»:
ԱՄՆ իր վերջին այցելության շրջանակներում, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ԱՄՆ Նախագահի թեկնածուներից երկուսի հետ` Ջոն ՄաքՔեյնի եւ Բարակ Օբամայի: Հանդիպումների ընթացքում Ալի Բաբաջանը թեկնածուներին ներկայացրել է Թուրքիայի դիրքորոշումը 1915 թվականի իրադարձությունների շուրջ եւ հայտնել է Անկարայի պատրաստակամությունը` «ստեղծել փորձագետների անկախ հանձնաժողով այդ իրադարձությունների հետազոտման նպատակով»: «Թուրքիայի համար ընդունելի է «0 խնդիրներ» քաղաքականությունը հարեւանների հետ հարաբերություններում, իսկ Հայաստանը շրջափակման մեջ է եւ այդ պատճառով սահմանը բացելու կարիք ունի»,- նշել է Ալի Բաբաջանը, հաղորդում է «Turkish Daily News» թուրքական թերթը: