19 հուլիսի 2008 - 14:49 AMT
Աբդուլլահ Գյուլը մտադիր է «հաշտեցնող ուղերձ» հղել Հայաստանին
«Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաջորդ շաբաթ այցելելով հայ-թուրքական սահման, մտադիր է հաշտեղման ուղերձ հղել Հայաստանին` քողարկելով այն տարածաշրջանային մեկուսացման մասին նախազգուշացմամբ»,-գրում է թուրքական Today's Zaman-ը: Գյուլը կայցելի Անի` Կարսի գավառում գտնվող Հայաստանի միջնադարյա մայրաքաղաքը հուլիսի 23-ին, երբ տեղի կունենա Հայաստանը շրջանցող Կրաս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու թուրքական հատվածի շինարարության մեկնարկը: Արարողությանը, որը կկայանա հուլիսի 24-ին, ներկա կլինեն նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները:

Ըստ թերթի, Գյուլի այցն Անի վկայում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին: «Հայաստանի խնդրանքով, թուրքական իշխանություններն այս տարի սկսել են Անիի հայկական եկեղեցիների վերականգնումը»,-ասվում է հոդվածում:

Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հաստատեց տեղեկությունները Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել Շվեյցարիայի մայրաքաղաքում: Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետները հանդիպել են Բեռնում հուլիսի 8-ին: Բանակցություններում պատվիրակությունը գլխավորել է Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա, իսկ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում: Հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւան: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշեց նաեւ, որ նման հանդիպումներ ժամանկ առ ժամանակ տեղի են ունենում: «Մենք խնդիրներ ունենք ընթացիկ հարցերի շուրջ եւ անհամաձայնություն 1915թ. իրադարձությունների վերաբերյալ: Դրանք առաջին անհրաժեշտության հարցեր են, որոնք կարելի է լուծել միայն բանակցությունների ճանապարհով»,-ասել է Բաբաջանը:

Մինչդեռ, Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթակիի հետ հանդիպմանը նախագահ Գյուլը հայտարարել էր, թե «Սերժ Սարգսյանի առաջարկությունը քննարկվում է»:

Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանը հրավիրել է Աբդուլլահ Գյուլին Երեւան միասին դիտելու 2010 թ. աշխարհի առաջնության որակավորման խաղը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին:

Անկարան խզել է դիվանագիտական հարաբերությունները Երեւանի հետ ղարաբաղյան հակամարտության պատճառով եւ 1993թ փակել է հայ-թուրքական սահմանը: Հայաստանը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որ կատարվել է Առաջին աշխարհամարտի տարիներին, ինչին Թուրքիան պատասխանում է, որ այդ ընթացքում զոհվել են ինչպես քրիստոնյաներ, այնպեսլ էլ մահմեդականներ: