19 հուլիսի 2008 - 15:42 AMT
Ռասիմ Աղաեւ. Բաքուն պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի իր գլխավոր դաշնակցի հանդեպ, որն մինչ այժմ Թուրքիան էր համարվում
«Եթե պաշտոնական Բաքուն նախապես չի տեղեկացվել այն մասին, որ կայանալու է Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների այսպես կոչված գաղտնի հանդիպումը, ապա Ադրբեջանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի իր գլխավոր դաշնակցի հանդեպ, որն մինչ այժմ Թուրքիան էր համարվում»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաեւը:

Պատասխանելով այն հարցին, թե որքան հեռու կարող է գնալ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում` ադրբեջանցի քաղաքագետը նշել է. «Այդ հարցին պատասխանելուց առաջ, ես ցանկանում եմ հիշեցնել, որ մի քանի տարի առաջ մենք բոլորս վկաներն էինք այն բանի, թե որքան վրդովված էր հայ-թուրքկանա հարաբերությունների ընդլայնման փաստով Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը: Այն ժամանակ Թուրքիայի գործարար մարդկանց մի խումբ միանշանակորեն սկսեց հայտարարել, թե Հայաստանը հիանալի եւ հեռանկարային շուկա է թուրքական ապրանքների համար եր հարկավոր է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Եվ միայն այն բանից հետո, երբ Հեյդար Ալիեւը թռավ Թուրքիա, հանդիպեց այդ երկրի ղեկավարության հետ, ելույթ ունեցավ թուրք պատգամավորների առջեւ, հաջողվեց կասեցնել նման խոսակցությունները: Սակայն Թուրքիայում նման տրամադրությունների առկայության փաստը հիանալի ցուցադրում էր, որ այդ երկրում միշտ գտնվել են մարդիկ, որոնք կողմ են եղել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը»:

Հավանաբար, հավելել է նա, այժմ այդ տրամադրությունները աջակցություն են ստացել դրսից: Եվ այստեղ պետք է հիշել, որ հենց այդ կառավարությունն էր, որ հանրահավք կազմակերպեց, որտեղ դատապարտվեցին հայ լրագրող Հրանտ Դինքի մարդասպանները: Այս ամենը վկայում է, որ Թուրքիայի այժմյան կառավարությունը պատրաստ է բավականին շոշափելի քայլերի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելու համար:

Ըստ Ռ.Աղաեւի, այժմ արդեն ամբողջ ուժով հարց է արծարծվում` կհամաձայնվի՞ Թուրքիան «փոխանակել» Ղարաբաղը, եթե Հայաստանը համաձայնվի հրաժարվել աշխարհով մեկ Հայոց ցեղասապանության ճանաչման արշավից, գտնում է ադրբեջանցի քաղաքագետը: «Ըստ իս, Թուրքիայի ներկայիս կառավարությունը կարող է գնալ այդ սակարկությանը: Սակայն դա սխալ կլինի Թուրքիայի կողմից: Քանի որ, ղարաբաղյան հարցում զիջումից հետո, անպայման զիջումներ կարվեն Հայաստանին նաեւ ցեղասպանության հարցում, իսկ դա նշանակում է, զիջումներ կարվեն նաեւ զոհերին փոխհատուցում տալու եւ Թուրքիայի հանդեպ Հայաստանի կողմից տարածքային պահանջների հարցում»,-հայտարարել է Աղաեւը, հաղորդում է Day.az-ը:

Նշենք, որ հուլիսի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հաստատեց տեղեկությունները Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել Շվեյցարիայի մայրաքաղաքում: Հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւան` միասին դիտելու 2010 թ. աշխարհի առաջնության որակավորման խաղը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին:

Ինչպես հայտարարել է Ալի Բաբաջանը, Աբդուլլահ Գյուլի ներկայությունը ֆուտբոլային խաղին կախված կլինի մինչ այդ հարաբերությունների զարգացումից երկու երկների միջեւ: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի արտաքին քաղաքականության լուրջ նպատակներից մեկն է»,-ասել է նա: