15 փետրվարի 2019 - 18:19 AMT
Դեսպան. ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցն արդեն Ֆրանսիայի ԱԺ օրակարգում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության վարչությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին, Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին առնչվող հարցերին:

Դեսպանը վստահեցրել է, որ համաձայնագրի վավերացման հարցն արդեն Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում է՝ նաև ընդգծելով, որ փաստաթղթի ընդունումը չի ուշանա:

Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է նաև հայ-ֆրանսիական առևտրատնտեսական ու մշակութային կապերի խորացումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից արժեւորվել է Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության հիմնման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: