18 փետրվարի 2019 - 13:48 AMT
Տոնոյան. ՀՀ-ն կարող է սպառազինության նոր վարկ ստանալ ՌԴ-ից

Հայաստանը կարող է սպառազինության նոր վարկ ստանալ Ռուսաստանից, երբ ավարտին կհասցվի 100 մլն դոլարի ընթացիկ համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԱՄԷ-ում IDEX-2019 սպառազինության ցուցահանդեսի ժամանակ, գրում է «Կոմերսանտը» ՌԻԱ Նովոստիի վրա հղումով:

Ըստ Տոնոյանի, նման վարկը հնարավոր է: «Կոնկրետ զինատեսակների անվանացանկի մասին խոսելը դեռ վաղ է»,-ասել է Տոնոյանը:

Նախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է ռուսական արտադրության 4 ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռ գնել 2019-2020թթ., իսկ ընդհանուր առմամբ մտադիր է 12 այդպիսի կործանիչ ձեռք բերել:

ՀՀ ՊՆ ղեկավարը փետրվարի 16-17-ին մասնակցել է Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում նախատեսված էին մի շարք աշխատանքային հանդիպումներ։