21 հուլիսի 2008 - 19:49 AMT
ԱՄՆ Պետքարտուղարություն. Հայաստանի նախագահը խիզախ քայլ կատարեց` Թուրքիայի նախագահին Երեւան հրավիրելով
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խիզախ քայլ կատարեց` Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան հրավիրելով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: «Իհարկե, ես չեմ կարող խոսել նախագահ Գյուլի կամ Թուրքիայի կառավարության անունից, սակայն Միացյալ Նահանգները հուսով է, որ Գյուլը կօգտվի այդ ոսկյա հնարավորությունից», - ասել է Մեթյու Բրայզան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Աբդուլահ Գյուլին Երեւան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու համար, որը կայանալու է սեպտեմբերի 6-ին: Ինչպես հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը, Աբդուլահ Գյուլի ներկայությունը ֆուտբոլային հանդիպմանը կախված է երկու երկրների հարաբերությունների զարգացման մակարդակից խաղից առաջ: «Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը հանդիսանում է Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը»,- ընդգծել է նա: