23 հուլիսի 2008 - 14:16 AMT
Փորձագետ. Թուրք ժողովուրդը թույլ չի տա, որ իշխանությունները զիջումների գնան Հայաստանին` հաշվի չառնելով Բաքվի շահերը
«Սահմանների ոչ մի բացում Հայաստանի հետ չի լինի, քանի դեռ այդ երկիրը չի ազատել գրավյալ ադրբեջանական տարածքները: Այս հայտարարությունները զուտ դեկլարատիվ չեն, այլ հանդիսանում են Թուրքիայի պետական քաղաքականությունը»,-հայտարարել է թուրք քաղաքագետ Միթաթ Չելիքպալան: Նրա կարծիքով, այժմ ողջ աշխարհաքաղաքականությունը բախվել է Կովկասում, եւ Թուրքիան չի ցանկանում տանուլ տալ այդ մեծ խաղում: «Ահա թե ինչու է նա ստիպված ինչ-որ բանակցությունների գնալ Հայաստանի հետ: Սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան պատրաստ է զոհաբերել Ադրբեջանի շահերը: Ադրբեջանը Թուրքիայի համար եղբայրական երկիր է, կա նաեւ հասարակական կարծիք, որի հետ իշխանությունները պետք է հաշվի նստեն: Թուրք ժողովուրդը երբեք թույլ չի տա, որ իշխանությունները զիջումների գնան Հայաստանին, հաշվի չառնելով Բաքվի շահերը»,-նշել է Չելիքպալան:

Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանն այդ հարցում` քաղաքագետը նշել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի վերջին այցը Անկարա ստիպում է մտածել, արդյոք դա Մոսկվայի նուրբ աշխարհաքաղաքական խաղը չէ: «Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ վերջերս շատ են բարելավվել, ռուսական գործոնը գնալով ավելի մեծ տեղ է զբաղեցնում Անկարայի արտաքին քաղաքականության մեջ: Իհարկե, չի բացառվում, որ հայ-թուրքական բանակցությունները քննարկվել են նաեւ Լավրովի հետ եւ այդ ամենն արվում է Մոսկվայի թույլտվությամբ, չէ որ հայտնի է, որ Հայաստնն առանց Կրեմլի մի քայլ ամգամ չի անի»,-նշել է նա, գրում է 1news.az-ը: