27 փետրվարի 2019 - 14:02 AMT
Չարենցի տունը Կարսում քանդել են

«Համշեն Տուր» զբոսաշրջային կազմակերպությունը տեղեկություն է տարածել, որի համաձայն Կարս քաղաքում քանդվել է այն շինությունը, որը համարվում էր հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը և ուր բազում հայ զբոսաշրջիկներ էին այցելում:

Շինությունը գտնվում է Կարսի բերդի ստորին հատվածում:

Դեռևս հայտնի չէ, թե որն է տան քանդման պատճառը և ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել:

Եղիշե Չարենցը ծնվել է Կարսում 1897-ին` բազմազավակ ընտանիքում: 1908-ին ընդունվել է Կարսի վարժարան:1914-ին լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:Ազգային ազատագրական պայքարն ու Առաջին աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավոր միանում է Արևմտյան Հայաստանը զավթիչներից ազատել շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:

1915-ին Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու: 1919-ին վերադառնում է Երևան և դասավանդում դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:

1921-ին Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետևանքով 1927-ին մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931-ին նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է պարգևում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935-ին ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:

1936-ի հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականների ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության և ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ընտանիքի հանդեպ ճնշումները:

Որոշ ժամանակ անց բանաստեղծին ձերբակալում են և հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937-ի նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ: