24 հուլիսի 2008 - 14:59 AMT
«ԱրմենՏել» ընկերության անձնակազմի ուսուցման կենտրոնին շնորհվել է Beeline-համալսարանի կարգավիճակ
«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) անձնակազմի ուսուցման կենտրոնին շնորհվել է Beeline-համալսարանի կարգավիճակ: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Վիմպելկոմ» ընկերության ԱՊՀ երկրներում անձնակազմի աշխատանքի եւ կազմակերպչական զարգացման հարցերով ծառայության ղեկավար Գալինա Վորոնեցկայան: «Beeline համալսարանը հանդիսանում է «Վիմպելկոմի» աշխատակիցների համար ուսուցման կորպորատիվ համակարգ, որն օգնում է ընկերության բոլոր ենթակառուցվածքներին իրենց ռազմավարական նպատակներին հասնելու հարցերում»,- նշել է Գալինա Վորոնեցկայան: Նրա խոսքերով, «ԱրմենՏել» ընկերության անձնակազմի ուսուցման կենտրոնը առաջին ընկերությունն է «Վիմպելկոմ»-ի ենթակառուցվածքում, որին շնորհվել է համալսարանի կարգավիճակ:
«Համալսարանի կարգավիճակի շնորհումը շատ հարգալից է մեզ համար: Ընկերության կորպորատիվ ուղղությունների փոփոխությունը նպատակ ունի «ԱրմենՏել»-ը դարձնելու հարմար եւ ընդունելի ընկերության բաժանորդների համար, եւ այդ համատեքստում մենք պետք է բազմակողմանի փոփոխություններ կատարենք. ենթակառուցվածքային, տեխնոլոգիական եւ նորարարական»,- ընդգծել է «ԱրմենՏել» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը:
Նրա խոսքերով, Հայաստանում Beeline-ի հայտնվելով ընկերության ներդրումները կազմել են $32 միլիոն, եւ ընկերությունը ձգտում է մինչեւ տարեվերջ կատարել լիցենզիայով ներկայացված բոլոր պարտավորությունները: