25 հուլիսի 2008 - 16:56 AMT
Երեւանում տեղի է ունեցել «Ռուբեժ 2008» զորավարժությունների առաջին փուլի եզրափակիչ նիստը
Հուլիսի 24-ին տեղի ունեցավ Երեւանում մեկնարկած «Ռուբեժ 2008» հրամանատարա-շտաբային համատեղ զորավարժության 1-ին փուլի եզրափակիչ նիստը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ներկայացուցիչներ ՀԱՊԿ-ից եւ ՀՀ տարբեր գերատեսչություններից: Եզրափակիչ նիստը բացեց Ա.Բաղդասարյանը, որից հետո լսեցին զորավարժությանը ներգրավված պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների զեկույցները զորավարժության լիարժեք անցկացմանը նպաստող եւ խոչընդոտող տարբեր խնդիրների վերաբերյալ: Նիստի ավարտին ելույթ ունեցավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, որն առաջարկեց մինչեւ ս.թ. հուլիսի 25-ը ի մի բերել տարբեր գերատեսչություններում զորավարժության 1-ին փուլի ընթացքում կատարված աշխատանքները` ներկայացնելով առաջարկներ` հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ: Ապա ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, որը բարձր գնահատեց տարբեր գերատեսչությունների համագործակցությունը «Ռուբեժ 2008» զորավարժության շրջանակներում. աշխատանքային հետազոտական խումբը հանդիպում-քննարկումներ է կազմակերպել թվով 9-ը գերատեսչություններում` հակառակորդի կողմից հավանական ագրեսիան ետ մղելուն ուղղված աշխատանքների նախապատրաստության աստիճանը որոշելու եւ ստուգելու նպատակով.
«Զորավարժությանը ներգրավված պետական կառավարման մարմիններն առաջին անգամ էին այսպես լայնամասշտաբ համագործակցում` Հայաստանի Հանրապետության հանդեպ հավանական ագրեսիան դիմակայելու նպատակով: Այս զորավարժություններն առիթ հանդիսացան, որպեսզի ՀՀ բոլոր գերատեսչությունների ղեկավար կազմը եւս մեկ անգամ ուսումնասիրի այն խնդիրները, որոնք դրված են պետության առջեւ` հավանական ագրեսիայի դիմակայման ուղղությամբ: Սա կօգնի մեզ վերացնել առկա բոլոր թերությունները` երկրի պաշտպանությունը լավագույնս կազմակերպելու նպատակով, ինչը մեզ թելադրում է մեր երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը:
Այնուհետեւ նիստը եզրափակեց ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը, որը շնորհակալություն հայտնեց աշխատանքային հետազոտական խմբին եւ գերատեսչությունների ներկայացուցիչներին` իրականացված ծավալուն աշխատանքի համար` նշելով, որ ս.թ. հուլիսի 30-31-ը Մոսկվայում կմեկնարկի զորավարժության 2-րդ փուլը: Ա.Բաղդասարյանը զորավարժությանը ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչներին հանձնարարեց մինչ- ս.թ. օգոստոսի 5-ը առաջարկներ ներկայացնել նկատված թերությունների վերացման ուղղությամբ` մինչ- ս.թ. օգոստոսի 10-ը ՀՀ Նախագահին զեկուցելու նպատակով: