7 մարտի 2019 - 15:02 AMT
Fitch Ratings. ԱՄՀ-ի զեկույցը բարձրացրել է ՀՀ-ի ֆինանսական վարկանիշը

Միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալությունը անդրադարձել է ՀՀ նոր կառավարության ֆինանսատնտեսական բարեփոխումներին և երկրի վարկանիշին:

Զեկույցում նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է, որ նոր կառավարության տնտեսական քաղաքականության գերակայությունները համապատասխանում են հիմնադրամի ակնկալիքներին:

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մտադիր է մինչև $250 մլն վարկային միջոցներ հատկացնել Հայաստանի կառավարությանը՝ տնտեսական բարեփոխումների իրագործման համար:

«Քաղաքականությունը կենտրոնացած է կայուն աճի, արտաքին խոցելիության մեղմացման վրա», - նշված է զեկույցում:

Գործակալությունը նշում է նաև, որ այդ զեկույցը բարձրացրել է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ միջազգային ֆինանսական ինստիտուտների և այլ գործընկերների վստահությունը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Դրական գնահատելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ Հոսեյն Սամիեին հավելել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով և շահագրգռված է արդյունավետ ծրագրերի իրականացմամբ: