9 մարտի 2019 - 10:16 AMT
Փաշինյանը ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապկցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:

«Խոր վշտով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին:

Որպես հոգևոր առաջնորդ նա իր անգնահատելի ներդրումն է ունեցել Թուրքիայում ազգային-եկեղեցական կյանքի շարունակական աշխուժացման ու Հայոց եկեղեցու և հայ համայնքի ամրապնդման ու միասնության գործում», -ասվում է հեռագրում:

Նշվում է, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն իր գործունեությամբ վայելել է բարձր հեղինակություն և շատերի հիշողություններում կմնա որպես իր առաքելությանն անմնացորդ նվիրված հոգևոր առաջնորդ:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում պատրիարք Մութաֆյանի հարազատներին, Պոլսո Հայոց պատրիարքարանին և հայկական համայնքի բոլոր ներկայացուցիչներին», -ասվում է ցավակցական հեռագրում:

Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանը վերջին տարիներին ծանր հիվանդ էր, նա մահացել է Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում, որտեղ անցկացրել է մոտ 11 տարի: Նրան փոխարինում էր պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանը