9 մարտի 2019 - 16:02 AMT
ԵԱՀԿ ՄԽ․ Տարածքներ պետք է հանձնվեն, բորբոքող հայտարարություններ անել պետք չէ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հնարավոր հանդիպման վերաբերյալ. նրանք նշել են, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է ներառի տարածքների հանձնումը։

Համանախագահները կոչ են արել նաև ձեռնպահ մնալ «կրքեր բորբորքող հայտարարություններից»։

Ավելի վաղ էլ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Հայասատանը չի պատրաստվում տարածքներ հանձնել Ադրբեջանին։

Համանախագահները ողջունել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` առաջիկայում համանախագահների հովանու ներքո հանդիպելու հանձնառությունը:

«Համանախագահները, որոնք սերտորեն գործակցում են երկու երկրի արտաքին գործերի նախարարների հետ, նախապատրաստում են առաջնորդների այս կարևոր հանդիպումը, որը կլինի համանախագահների հովանու ներքո անցկացվող՝ նրանց առաջին ուղիղ շփումը», - ասված է հայտարարության մեջ։

Համանախագահները կարևորել են արդյունավետ բանակցությունների անցկացմանը նպաստող միջավայրի պահպանման կարևորությունը և դրական են գնահատել վերջին շրջանում առաջնագծում զոհերի բացակայությունը: Համանախագահները նաև ողջունել են երկու երկրի ժողովրդի՝ խաղաղության նապապատրաստելու նախնական քայլերը:

Միևնույն ժամանակ, համանախագահները վերահաստատում են լարվածության նվազեցման և ագրեսիվ հռետորաբանության նվազեցման կարևորությունը: Այս համատեքստում համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք ենթադրում են միակողմանի փոփոխություններ բանակցային գործընթացքում `առանց մյուս կողմի համաձայնության։ Կոչ է արվում նաև ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք արտահայտում են ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման պատրաստակամություն:

Նշվում է, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկայն եզրափակիչ ակտի վրա, ներառի 2009-2012 թվականներին համանախագահների առաջարկները, այն է՝ «վերադարձնել ԼՂ-ի շրջակա շրջաններն Ադրբեջանին, Արցախին միջանկյալ կարգավիճակ շնորհել, որով կերաշխավորվի դրա անվտանգությունն ու ինքնակառավարումը, ստեղծել ԼՂ-ն ՀՀ-ին կապող միջանցք, հետագայում վերջնականապես որոշել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը հանրաքվեով, ապահովել բոլոր տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին բնակության վայր վերադառնալու իրավունքը, ստեղծել միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն»:

Փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է, որ եթե Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, «բնականաբար ՀՀ-ի արձագանքը պետք է լինի համարժեք»: Նա ընդգծել է, որ Ադրբեջանում ավելի հակված են հարցը լուծել ռազմական ճանապարհով։

Հայտարարությանը հետևել է ադրբեջանական կողմի արձագանքը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան կոչ է արել ՀՀ վարչապետին «չսրել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շուրջ և նախադրյալներ ստեղծել խաղաղ կարգավորման համար»։