Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևի հետ ունի երկարամյա անձնական ջերմ հարաբերություններ: Բարեկամական զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն ընդգծել է Նուրսուլթան Նազարբաևի մեծ ներդրումը Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման, մեր երկրների միջև քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման գործում: Նախագահը կարևոր է համարել նաև Նուրսուլթան Նազարբաևի նշանակալի դերը տարբեր ինտեգրացիոն գործընթացների շրջանակում:
Նախագահ Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևին մաղթել է քաջառողջություն, և հաջողություն՝ ի շահ երկու պետությունների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդման և Ղազախստանի հետագա առաջընթացի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Հանրապետության նախագահը նաև ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է մարտի 19-ին ուղիղ եթերում՝ հատուկ ուղերձում: «Ես որոշում եմ կայացրել դադարեցնելու իմ լիազորությունները նախագահի պաշտոնում»,-ասել է նա ժողովրդին հասցեագրված ուղերձում: Նազարբաևը հայտարարել է նաև, որ կշարունակի կատարել Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները:
Նազարբաևը գլխավորում էր Ղազախստանը 1990-ից, 2015-ից նա վերընտրվել է 5-րդ անգամ: