22 մարտի 2019 - 12:10 AMT
ԵՄ-ն համաձայն է հետաձգել Brexit-ը

Եվրամիության երկրների առաջնորդները պայմանավորվել են հետաձգել Մեծ Բրիտանիայի դուրս գալը միությունից: Այդ մասին ասվում է Բրյուսելում պետությունների ղեկավարների հանդիպման ավարտին ընդունված հայտարարության մեջ:

Ըստ փաստաթղթի, Brexit-ը կհետաձգվի մինչև մայիսի 22-ը, եթե Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տա ԵՄ հետ գործարքին: Հակառակ դեպքում ընթացակարգը կմեկնարկի ապրիլի 12-ին, գրում է Lenta.ru-ն:

Եվրամիությունը հավանություն չի տվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկին, ըստ որի Brexit-ը պետք է հետաձգվեր մինչև հունիսի 30-ը:

Ավելի վաղ ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկն ասել էր, որ Brexit-ը կարող է հետաձգվել, եթե ԵՄ հետ գործարքը հավանություն ստանա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում:

Պաշտոնապես Մեծ Բրիտանիան պետք է դուրս գար ԵՄ-ից մարտի 29-ին, սակայն բրիտանացի քաղաքական գործիչները մինչ օրս չեն կարողանում փոխզիջման գալ: Արդյունքում խորհրդարանն արդեն 2 անգամ մերժել է Մեյի առաջարկը գործարքի վերաբերյալ, ինչը հանգեցրել է կառավարական ճգնաժամի:

Լոնդոնի և Բրյուսելի բանակցութունները սկսվել են 2017-ի ամռանը: Դրան նախորդեցին 2016-ի իրադարձությունները, երբ Մեծ Բրիտանիայում հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթեցին եվրաինտեգրման հակառակորդները: