4 օգոստոսի 2008 - 14:54 AMT
ԱՄՆ-ի միջնորդական առաքելությունները Կովկասում կարող են դառնալ հակամարտությունների վերսկսման պատճառ
ԱՄՆ-ի միջնորդական առաքելությունները Կովկասում կարող են դառնալ ադրբեջանա-ղարաբաղյան, վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների վերսկսման պատճառ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի միմյանց հակասող հայտարարությունները թեժացնում են իրավիճակը Հարավային Կովկասի հակամարտության գոտիներում:

«Պատճառը այն հանգամանքն է, որ ամերիկյան դիվանագիտությունը անտեսում է պատմական իրողությունները եւ քաղաքական-իրավաբանական բաղադրիչները Աբխազիայում, Օսեթիայում եւ ԼՂՀ-ում»: Մեկնաբանելով Բրայզայի այն հայտարարությունը, թե Ղարաբաղի բնակիչները իրենք կլուծեն, կմնա հանրապետությունը Ադրբեջանի իրավասության տակ թե կանկախանա` Մելիք-Շահնազարյանը հիշեցրել է, որ այդ որոշումը Ղարաբաղի բնակչությունը կայացրել է գրեթե 20 տարի առաջ» եւ այսօր ԼՂՀ քաղաքացիները ապրում են հենց այդ որոշման համաձայն»:

Սակայն, ըստ վերլուծաբանի, ամերիկացի դիվանագետի հայտարարության ամենակարեւոր պահը ոչ թե մշուշոտ կանխատեսումն է նոր հանրաքվեի մասին անորոշ ապագայում, այլ այն պնդումը, թե հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի մերձակա յոթ շրջաններից, ուր պետք է վերադառնան տեղահանված մարդիկ եւ փախստականները եւ այլն: «Որքան էլ տարօրինակ է, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության այդ «մանրուքները» հայտնվեցին առաջարկվող հանրաքվեի ստվերում: Եվ դա չնայած նրան, որ Բրայզայի առաջարկը փաստորեն նշանակում է Լեռնային Ղարաբաղի ամբողջական կորուստ»: Ըստ Մելիք-Շահնազարյանի, ԱՄՆ-ի կառավարության նման ոչ օբյեկտիվ դիրքորոշումը չի կարող շահեկան լինել հայկական կողմի համար եւ, այդ պատճառով պաշտոնական Երեւանը պետք է կասեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ շրջանականերում: «Միջնորդները, որոնք ցանկանում են առավելագույն քաղաքական շահ կորզել երկու հանրապետությունների միջեւ ստեղծված բախումնային իրավիճակից, չեն կարող կատարել նրանց վերապահված պարտականությունները: Ուստի նրանց «ծառայություններից» պետք է հրաժարվել»,-ընդգծել է «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավարը: