4 օգոստոսի 2008 - 17:24 AMT
Բաքվում կոչ են անում «ուշադրություն չդարձնել» Մեթյու Բրայզայի հայտարարությունների վրա
«Որեւէ հանրաքվեի մասին խոսք լինել անգամ չի կարող, քանի որ տվյալ քայլը կհանգեցնի Ղարաբաղի կորստին»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Ղուլուզադեն: Նրա խոսքերով, չարժէ ուշադրություն դարձնել Մեթյու Բրայզայի հայտարարությունների վրա: «Նա երբեմն այնպիսի հիմարություններ է դուրս տալիս, որ սկսում ես կասկածել` արդյոք նա բարձրագույն կրթություն է ստացել, թե նրան պարզապես նստացրել են Պետդեպարտամենտում ինչ-որ բամի մասին խոսելու համար»,- նշել է Ղուլուզադեն:

«ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկում է Ադրբեջանի ղեկավարությանը ճանաչել տարածքների կորստի փաստը եւ գնալ Հայաստանի բացահայտ զիջումներին, որոնցից մեկը հանդիսանում է համաձայնագրի ստորագրումը Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու մասին: Այդպիսով, նրանք բոլորը ցանկանում են մի բան. անջատել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից Ադրբեջանի ձեռքերով: Քանի որ չկա այլ տարբերակ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու համար»,- նկատել է քաղաքագետը:

Ղուլուզադեի խոսքերով, այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնարք է մշակվել. առաջարկվում է հանրաքվեի անցկացնում Լեռնային Ղարաբաղում ոչ թե Լեռնային Ղարաբաղին կից «օկուպացված տարածքները» Ադրբեջանին վերադարձնելուց անմիջապես հետո, այլ, ասենք, մի 10 տարի անց: «Ցավոք, մեր կառավարության ներկայացուցիչներն էլ են խոսում հանրաքվեի մասին 15 տարի անց, նման հանրաքվեն կնաշանակի Ադրբեջանի մի մասի ավտոմատ անջատումը, ինչն անընդունելի է: Սահմանադրության մեջ նշված է, որ Ադրբեջանը ունիտար պետություն է, իսկ հիմնական օրենքի փոփոխությունը հնարավոր է երկրում հանրաքվե անցկացնելու միջոցով: Խաղաղ բանակցությունները խաբեություն է ադրբեջանական հանրության նկատմամբ, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է միայն մեկը լինել Ադրբեջանի անբաժան մասը»,- ընդգծել է ադրբեջանցի քաղաքագետը, գրում է 1news.az-ը: