28 մարտի 2019 - 15:49 AMT
Մետրոյի վերգետնյա հատվածում ճամփեզրից քար են նետել գնացքի վրա և կոտրել ապակին

Մարտի 27-ին ճամփեզրից քարով հարվածել են ընթացքի մեջ գտնվող մետրոպոլիտենի գնացքներից մեկին՝ կոտրելով ապակին: Միջադեպը տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարանն ընկած վերգետնյա ճանապարհին:

«Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը հայցում է վագոնում գտնվող բոլոր ուղևորների ներողամտությունը և խոստանում է միջոցներ ձեռնարկել նմանատիպ միջադեպերից խուսափելու համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքի մասին գնացքային կարգավարը անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը»,-ասվում է Երևանի մետրոպոլիտենի հայտարարության մեջ:

Նշվում է, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։