Al Jazeera միջազգային լրատվամիջոցը ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Հայաստանում Թավշյա հեղափոխության ազդեցությանը ֆեմենիզմի և արվեստի վրա:
Հեղինակ Ռիմ Շադադը նշում է, որ ապրիլյան իրադարձություններն ազդակ էին աշխարհի տարբեր երկրներին փոփոխվելու համար, մինչդեռ հայ կանայք արդեն սկիզբ են դրել այդ փոփոխություններին:
Շադադը խոսել է հայ այն արվեստագետների հետ, որոնք, օգտագործելով սոցիալական ցանցերը, իրենց ստեղծագործություններով կենտրոնացնում են մարդկանց ուշադրությունը երիտասարդական և ֆեմինիստական շարժումների վրա, որոնք քաղաքական գործընթացների, հանրային կյանքի առջընթացի կարևոր մաս են կազմում:
«Հայաստանում կանանց իրավունքները բարդ պատմություն ունեն: Այս երկիրը հպարտանում է ժամանակակից աշխարհում իր առաջին կին դիվանագետներով, իսկ 1918-ին առաջիններից էր աշխարհում, որտեղ կանայք քվեարկության իրավունք են ունեցել», - գրում է հեղինակը:
Արվեստագետների հետ Շադադը քննարկել է հայ կանանց ներկայացվածության հարցը իշխանության ճյուղերում, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին: