6 օգոստոսի 2008 - 18:34 AMT
Արիֆ Յունուսով. Ղարաբաղի հարցով բանակցությունները կտեւեն անարդյունք երկար տարիներ, իսկ պատերազմել ոչ ոք թույլ չի տա
Ղարաբաղի հարցով բանակցությունները կտեւեն անարդյունք երկար տարիներ, իսկ պատերազմել ոչ ոք թույլ չի տա: Այդ մասին հայտարարել է կոնֆլիկտոլոգ, Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների հետազոտության բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը: «Խնդիրը կայանում է նրանում, որ երկու կողմերն էլ ժամանակ են ձգում, ելնելով սեփական շահերից, սակայն ներկա իրադրությունում ժամանակը խաղում է հայերի օգտին, քանի որ Պրահայի գործընթացի շրջանականերում ընթացող բանակցությունները ձեռնտու են հայերին»,- նշել է Արիֆ Յունուսովը:

Նրա խոսքերով, այդ գործընթացի շրջանակներում «հայկական կողմը վերադարձնում է սկզբում երեք շրջանները, ապա` երկուսը, իսկ Քելբաջարն ու Լաչինը ամենավերջում եւ դրան զուգահեռ գաղթականները վերադառնում են Ղարաբաղ»: «Դրա փոխարեն, Ադրբեջանը կհամաձայնվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշել հանրաքվեի միջոցով 10-15 տարի անց»,- նշել է Յունուսովը:

«Դեռեւս 2004 թվականին համաձայնվելով բանակցություններ տանել այդ սկզբունքներով, մեր կողմը դրանով սխալ է թույլ տվել, գտնելով, որ 10-15 տարի անց հանրաքվե անցկացնելու պահին, շատ բան փոխված կլինի, Ադրբեջան կհոսեն նավթադոլարները, իսկ հայերը կարող են փոխել իրենց դիրքորոշումը»,- նշել է Արիֆ Յունուսովը, սակայն միեւնույն ժամանակ, հավելել է, որ «այդ ամենը պատրանքներ են, քանի որ հայերը, ավելի շուտ, կօգտվեն ադրբեջանական նավթից, սակայն Ղարաբաղը չեն վերադարձնի»: Արիֆ Յունուսովի կարծիքով, չափազանց մեծ տարբերությունը դիրքորոշումների միջեւ, խանգարում է բանակցային գործընթացին:

«Հայերի դիրքորոշումը կայանում է նրանում, որ կանցնի մի 10-15 տարի, Արեւմուտքը կվերադարձնի ադրբեջանական նավթարդյունաբերությունում ներդրված գումարները, եւ նման պայմաններում նա արդեն հոգնած կլինի Ղարաբաղի խնդրից, եւ կկիրառվի Կոսովոյի սկզբունքը: Արդյունքում, Ադրբեջանը եւս ձանձրացած կլինի, եւ Արեւմուտքի ճնշման արդյունքում նա կհրաժարվի Ղարաբաղից»,- նկատել է նա: Իսկ ադրբեջանական կողմի դիրքորոշումը, ըստ կոնֆլիկտոլոգի, կայանում է նրանում, որ նավթադոլարների հաշվին Ադրբեջանը կներքաշի Հայաստանին սպառազինության մրցավազքի մեջ, ինչին հայկական թույլ տնտեսությունը չի դիմանա:

«Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ բանակցությունները անարդյունք տեւելու են երկար տարիներ: Մեր իշխանությունները չեն կնքի պայմանագիր Պրահայի գործընթացի շրջանակներում: Ոչ ոք թույլ չի տա պատերազմել, քանի որ Արեւմուտքը մեծ միջոցներ է ներդնում Ադրբեջանում նավթարդյունաբերության մեջ»,- նկատել է Արիֆ Յունուսովը, հաղորդում է «Նովոստի-Ազեռբայջանը»: