
Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ մասին ասվում է Ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում։
«Երեք տարի առաջ այս օրը՝ 2016թ. ապրիլի 2-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեցին Արցախի դեմ: Ադրբեջանը կոպտորեն խախտեց հրադադարը, ինչպես նաև ուժի չկիրառման պարտավորությունը, որն այն ստանձնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում:
Ուժի կիրառումն ուղեկցվեց թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սարսափելի վայրագություններով: Դրանք նույնությամբ կրկնում էին 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրագործված կոտորածները և էթնիկ զտումները:
Այս անգամ խաղաղ բնակչության նկատմամբ սանձազերծված առավել լայնածավալ բռնությունների անմիջական սպառնալիքը կանխվեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից: Հայ զինվորականներն ու կամավորականներն իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախի ժողովրդի` իր հայրենիքում ազատ ապրելու և արարելու պայքարի զոհասեղանին:
Ապրիլյան պատերազմը կրկին ապացուցեց, որ ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Արցախի կարգավիճակը և անվտանգությունը ցանկացած արդյունավետ բանակցությունների բովանդակության անփոխարինելի տարրերն են` ուղղված Արցախի ժողովրդի խաղաղ կենսագործունեության ապահովմանը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ուժի չկիրառումը կամ կիրառման սպառնալիքի բացառումը, հրադադարի խստիվ պահպանումը, ռիսկերի նվազեցման և վստահության ամրապնդման միջոցառումների ներդնումն էական նշանություն ունեն խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորման գործում:
«Ապրիլյան ագրեսիայի պատճառով հիմնահարցի կարգավորման գործընթացում ստեղծված փակուղին ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային հանգուցալուծումն այլընտրանք չունի»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։
2016 թվականի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։
Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավելի վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել էին ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել: